Էրդողանը հայտնել է, որ թուրքիան կուսումնասիրի Նիդեռլանդներում տրամվայում կրակ բացած թուրք հրաձիգի մասին տվյալները
Թուրքական հետախուզությունը նույնպես կուսումնասիրի Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տրամվայում կրակ բացելու համար կասկածվող ազգությամբ թուրք Գյոքմեն Թանըշի մասին տեղեկությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը, Էրդողանը նշել է, որ թեմայի վերաբերյալ արդեն խոսել է երկրի hետախուզական կոմիտեի ղեկավարը։
«Ոմանք ասում են կենցաղային հողի վրա ներընտանեկան խնդիր է, ոմանք էլ թե՝ ահաբեկչություն է։ Հետախուզական կոմիտեի պետն ասաց՝ «Առկա տեղեկություններն ուսումնասիրենք, կրկին ձեզ հետ կապ կհաստատենք»։ Սպասում ենք», - ասել է Թուրքիայի նախագահը։
37-ամյա Թանըշը ծնունդով Թուրքիայի Յոզղատ քաղաքից է, հայտնի է, որ նրա ծնողները ներկայում բնակվում են Կայսերիում։
Հանցագործի հայրը՝ Մեհմեդ Թանըշը, թուրքական DHA գործակալությանը տված մեկնաբանությունում նշել է, որ 11 տարի է, ինչ ոչ մի կապ չունի որդու հետ։
«Եթե մեղավոր է՝ թող պատժվի», - ասել է հայրը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում անհայտ անձը կրակ էր բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել: