Փաշինյանի առաջարկը, թե ԵԱՏՄ-ում էներգակիրների գները պետք է լինեն հավասար, ողջունելի է, բայց այն չի բխում Ռուսաստանի ու Ղազախստանի շահերից. Ա. Մալաշենկո
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե ԵԱՏՄ-ում էներգակիրների գները պետք է լինեն իրար մոտ կամ հավասար, ողջունելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քարնեգիի մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Միաժամանակ, քաղաքագետը նշեց, որ այդ առաջարկը դժվար թե Ռուսաստանի ու Ղազախստանի կողմից դիտարկվի որպես շահեկան: «Դա շատ բարդ հարց է, որովհետև գոյություն ունեն տարբեր մոտեցումներ: Խոսքս հատկապես Ռուսաստանի ու Ղազախստանի մասին է: Ընդհանուր առմամբ, եթե էներգակիրները լինեն նույն գնի, դա կունենա իր դրական արդյունքը, օգուտները, բայց ԵԱՏՄ-ում ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահով»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ն տնտեսապես կարո՞ղ է զարգանալ, երբ ամեն երկրում գազը տարբեր արժողության է, ըստ այդմ՝ ապրանքներն էլ թանկ են կամ էժան, Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ կազմակերպությունը բազում խնդիրներ ունի, որոնց մի մասը լուծելի է, մի մասը՝ ոչ: Դրանցից մեկը, նրա խոսքով, էներգակիրների գնի հարցն է:
«ԵԱՏՄ երկու ամենազարգացած երկրները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը, դրանից օգուտներ չեն ունենա, նրանց ուժը կառուցված է էներգակիրների հիմքում: Զիջել այս հարցում հեշտ չէ: Չեմ կարծում, թե Ռուսաստանն ու Ղազախստանը հետաքրքրված են էներգակիրների մեկ գին ունենալու հարցում»,- նշեց նա:
Խոսելով ԵԱՏՄ խնդիրներից՝ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ դժվար է երկկողմանի հարաբերությունները համատեղել ԵԱՏՄ անդամակցության հետ: «ԵԱՏՄ անդամ են տարբեր պետություններ, շատ տարբեր, ոչ հավասար երկրներ: Բոլորը այս կամ այն հարցով կախված են Ռուսաստանից: Դրանից չես փախչի, Ռուսաստանը մեծ երկիր է»,- հավելեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ ապագան կախված է նրանից, թե ովքեր կլինեն անդամ-պետությունների հաջորդ ղեկավարները, կլինի՞ արդյոք միասնական օրակարգ, ի՞նչ ազգային շահեր կունենան անդամները, արդյոք դրանք համահունչ կլինե՞ն մյուս երկրների շահերին, թե՞ կհակասեն իրար:
«Եվրամիությունը տասնամյակներով էր կառուցվում, բայց տեսե՛ք, թե ինչ եղավ Բրեքսիթի հետ կապված»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ասել էր. «ԵԱՏՄ ստեղծման նպատակը միասնական տնտեսական տարածք ունենալն է: Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, հարկավոր է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր մաս են կազմում արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքում, լինեն հավասար, մոտ լինեն»,- ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ եթե նույն արտադրանքի ինքնարժեքն էներգակիրների բարձր գների պատճառով Հայաստանում շատ ավելի մեծ լինի, քան, օրինակ, Բելառուսում կամ ՌԴ-ում, դա կհարվածի ԵԱՏՄ էությանը: