Սաուդյան թագաժառանգը հրամայել է առևանգել այլախոհներին ու կտտանքների ենթարկել
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալման ալ Սաուդն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից դեռ մեկ տարի առաջ այլախոհության ճնշման արշավ էր սկսել:
Դրա նպատակն է եղել լրտեսել, առևանգել և կտտանքների ենթարկել թագավորության հպատակներին, գրում է New York Times-ը: Այս տեղեկությունը հաստատել են թե՛ ամերիկյան, թե՛ սաուդյան քաջատեղյակ աղբյուրները:
Նշվում է, որ արշավին ակտիվ մասնակցել են Խաշոգջիի սպանությանն առնչություն ունեցող անձինք:
Պարբերականի տվյալներով՝ նրանք 2017թ. ի վեր մասնակցել են նման բնույթի առնվազն 10 գործողության:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գործողություններից որոշների շրջանակում սաուդցիներին արաբական այլ երկրներից բռնի հետ են բերել հայրենիք: Նրանց տեղավորել են թագաժառանգին պատկանող պալատներում ու կտտանքների են ենթարկել:
Հիշեցնենք, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջին անհետացել էր 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: Ենթադրվում է, որ նրան սպանել են հյուպատոսարանի տարածքում. չի բացառվում, որ հենց թագաժառանգն է սպանության հրամանը տվել: