Զիմբաբվեում արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը 82-ի է հասել
Զիմբաբվեում մոլեգնող արևադարձային «Իդաի» ցիկլոնի պատճառով ավերածությունների հետևանքով առնվազն 82 մարդ է զոհվել, հաղորդում է ZBC հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր 65 զոհի մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախարարների ու պաշտոնյաների խումբը ժամանել է Մանիկալանդ շրջան՝ վնասի չափերը գնահատելու։
Երկրում հորդառատ անձրևների հետևանքով արդեն 5 խոշոր կամուրջ է փլվել, ինչը դժվարեցրել է տուժած շրջաններ հասնելը։
Զիմբաբվեի պաշտպանության նախարարի պաշտոնակատար և ավիացիայի պաշտոնաթող եղած գլխավոր մարշալ Պերենս Շիրին հայտարարել է, որ երկրի բոլոր մասերից ռազմական ուժեր են ուղարկվել տուժած շրջաններ։ Նրա խոսքով՝ որոշ վայրերում զինվորականները ոտքով են շրջում՝ տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
«Իդաի» արևադարձային ցիկլոնը մոլեգնել էր մարտի 15-ին՝ հարևան Մոզամբիկի կենտրոնական շրջանում, որտեղ աղետի զոհ էր դարձել 66 մարդ, իսկ Բեյրա քաղաքում ավելի քան կես միլիոն մարդ կտրվել է արտաքին աշխարհից։