Ֆրանսիայի վարչապետը խոստովանել է, որ կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել բողոքի ակցիաների ժամանակ բռնությունը կանխելու համար
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը խոստովանել է, որ «դեղին անթև բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխարգելելու համար կառավարության ձեռնարկած միջոցները բավարար չեն եղել։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Շաբաթ օրվա իրադարձությունների վերլուծությունը փաստում է, որ ձեռնարկված միջոցները բավարար չէին բռնությունը զսպելու և օրինախախտումները կանխելու համար», - ասել է երկրի վարչապետը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Փարիզում «դեղին անթև բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները լուրջ վնաս են հասցրել Ելիսեյան դաշտերում գտնվող մի շարք խանութների ու ռեստորանների։ Ըստ լրատվամիջոցների՝ ավերվել է նաև Փարիզի հայտնի ռեստորաններից մեկը, որում հաճախ սիրում էր ժամանակ անցկացնել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն ու ֆրանսիական էլիտայի այլ ներկայացուցիչներ։
Հայտնի է նաև, որ ցույցերի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 60 մարդ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին խիստ քննադատության է ենթարկել «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցներին՝ մեղադրելով նրանց «հանրապետությունը ոչնչացնելու» մտադրության համար։