«Ռոսգոսստրախի» նախկին համասեփականատեր Խաչատուրովի գործով քննությունն ավարտվել է
Ռուսաստանի ԱԴԾ-ն ավարտել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության » նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործով քննությունը, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախության մեջ: Կիրակի ՏԱՍՍ-ին նրա փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը հայտնել է, որ Խաչատուրովին մեղսագրվում են խարդախություն եւ գողացված միջոցների օրինականացում, ինչպես նաեւ ունեցվածքի վատնում:
«ԱԴԾ քննիչներն ավարտել են իմ պաշտպանյալ Սերգեյ Խաչատուրովի դեմ քրեական գործի նախաքննությունը, պաշտպանությունը սկսել է ծանոթանալ գործի նյութերին: Ընդ որում՝ գործում նոր մեղադրանք է հայտնվել՝ Խաչատուրովին մեղադրում են նաեւ ՌԴ ՔՕ 160 հոդվածով («Յուրացում կամ վատնում)»,- ասել է Մելնիկովը:
Նա նոր մեղադրանքն անհեթեթ է համարում եւ կապված իր հաճախորդի դեմ պահանջների չհիմնավորվածությունը թաքցնելու փորձի հետ: «Իբր Սերգեյ Խաչատուրովը վատնել կամ յուրացրել է ընկերության ավելի քան 1 մլրդ ռուբլի գումարով սեփական ունեցվածքը, որի սեփականատերն ու գլխավոր տնօրենն է եղել 2016 թվականին»,- ասել է Մելնիկովը: «Քրեական հետապնդման միջոցով սեփականատիրոջ գործողություններին տնտեսական աննպատակահարմարության գնահատական տալու փորձը նշանակում է մասնավոր սեփականության փաստացի չեղարկում»,- կարծում է փաստաբանը:
Խաչատուրովին սկզբում մեղսագրվում էր ՌԴ ՔՕ 160 հոդվածի 4-րդ մասը («Վատնում»), բայց 2018 թվականի օգոստոսին մեղադրանքը վերաորակվել էր 159 հոդվածի 4-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով խարդախություն»), որի համար առավելագուն պատժաժամկետը կազմում է 10 տարվա ազատազրկում: 2018-ի դեկտեմբերին Խաչատուրովը մեղադրվել է նաեւ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման մեջ (ՌԴ ՔՕ 174.1 հոդված):
Մելնիկովն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ քննությունը Խաչատուովի գործողությունների հետեւանքով «ՌԳՍ ակտիվներ» ԲԲԸ-ին պատճառված վնասը, որը տուժող կողմ է ճանաչվել, գնահատում է 6 մլրդ ռուբլի: Նոր մեղադրանքի հետ կապված՝ վնասի ընդհանուր գումարը, իրավապահ մարմինների վարկածով, աճել է 7 մլրդ-ի:
Սերգեյ Խաչատուրովը «Ռոսգոսստրախի» նախկին հիմնական սեփականատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրն է: 2016 թվականին ընկերության փաստաթղթերում Սերգեյ Խաչատուրովը նշվում էր որպես «ՌԳՍ հոլդինգի» վերջնական շահառու, որն այդ ժամանակ տնօրինում էր «Ռոսգոսստրախի» 52 տոկոսը: 2017 թվականին Դանիլ Խաչատուրովը «Ռոսսգոսստրախի» վերահսկումը փոխանցել է «Օտկրիտիե» բանկին: