«Մենք չենք ասել բոլորը կապամոնտաժենք». Օպերայի տարածքի սրճարաններից 2-ը հնարավոր է մնա. թաղապետ
«Խնդրում եմ ճիշտ ձևակերպեք, մենք չենք ասել՝ բոլորը կապամոնտաժենք»: Այսօր՝ մարտի 16-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Լրագրողները նկատեցին, որ այս պահին մյուս սրճարանների հարցն իրավական դաշտում է ու հարց ուղղեցին Մնացականյանին. եթե որոշվի, որ դրանք չեն քանդվելու, ապա այդ սրճարանները կմնան, իսկ քանդված սրճարանների տարածքը կկանաչապատվի՞, ինչին թաղապետը դրական պատասխան տվեց:
«Իհարկե, ինչպես օրենքը կպահանջի. դա նորմալ պրոցես է, որը հնարավոր է՝ անում ենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում քաղաքացիները կրկին կընդվզեն, թե ինչու մյուսները ևս չեք ապամոնտաժում՝ ինչպես խոստացել էիք, Մնացականյանն արձագանքեց, որ իրենք նման բան չեն խոստացել:
«Չէ, ապամոնտաժվելու են նրանք, որոնք դատական խնդիր չունեն, խնդրում եմ՝ ճիշտ ձևակերպեք: Մենք նման բան չենք ասել, մենք ասել ենք՝ այս պահին ապամոնտաժելու ենք «Ատլանտիկ Գարդեն»-ը և «Ջազզվե» ընկերության սրճարանը. հիմա 5-ից 3 հատը ապամոնտաժված է»,- պարզաբանեց Մնացականյանը:
Ինչ վերաբերում է ապամոնտաժված գույքին, ապա նա նկատեց, որ դիմել են համապատասխան ընկերությունների, որոնք դրանք կտեղավորեն Երևանի տարբեր տարածքներում, որոշներն էլ կգույքագրվեն մանկատներում, Ավանի մանկապարտեզում ու այլ հաստատություններում: