Քաղաքապետարանը շարունակում է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը (ուղիղ)
Երևանի քաղաքապետարանն այսօր ևս շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վրդովեցրել էին աշխատակիցներին, ինչի հետևանքով ոստիկանների ու սրճարանների աշխատակիցների միջև բախում էր տեղի ունեցել: Մի քանի մարդ բերվել էին ոստիկանություն։
«Ատմոսֆերա» ՍՊԸ-ի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար:
«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը երեկ հայտարարություն էր տարածել Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նշել, որ հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ են անում բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն: