Ինտերպոլը Թուրքիայի պահանջով հետախուզում է հայտարարել սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանության գործով 20 կասկածյալի նկատմամբ
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) Թուրքիայի արդարադատության նախարարության պահանջով հետախուզում է հայտարարել անցյալ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 20 կասկածյալի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է թուրքական Diken կայքը, Ստամբուլի հանրապետական դատախազությունը միջազգային հետախուզման հայտարարման համար դիմել էր Ինտերպոլին դեռևս անցյալ տարվա վերջին. 18 հոգու համար «կարմիր քարտերի» հարցումն Ինտերպոլին հղվել է նոյեմբերին, ևս երկուսի վերաբերյալ Թուրքիան պահանջ է ներկայացրել դեկտեմբերի վերջին:
Նշվում է, որ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել տվյալ անձանց նկատմամբ այս տարվա մարտի 1-ից: Հայտնի է, որ բոլոր հետախուզվողները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են:
Ավելի վաղ Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջել էր Խաշոգջիի սպանության գործով կասկածյալ սաուդցիների արտահանձնումը:
Հիշեցնենք, որ The Washington Post-ի թղթակիցն անհետացել էր 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Սաուդյան իշխանությունները միայն 2 շաբաթ անց էին խոստովանել, որ լրագրողն իբր վեճի հետևանքով սպանվել է:
Ստամբուլի դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված է եղել: Սկանդալային սպանությունը կապվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի անվան հետ: