ԱՄՆ-ն հավատարիմ է մնում ԼՂ հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը. դեսպանատուն
«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը: Tert.am-ի հարցմանը այսպես են պատասխանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիտարկել Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը»,- նշված է պատասխանում:
Նշենք, որ Tert.am-ը ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատան միջոցով գրավոր հարցեր էր ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին, սակայն նրա փոխարեն պատասխանել է դեսպանատունը:
Հարցերը մասնավորապես վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, հետաքրքիր էր՝ արդյոք համանախագահները իրենց հայտարարությամբ վերջնական մերժում են Արցախի բանակցային սեղան վերադառնալը, հնարավո՞ր է՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ինչ-որ փուլում Արցախը միանա բանակցություններին: Հարցերից մեկը նաև վերաբերում էր նրան, թե ինչ կարծիք ունեն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների վերաբերյալ, մեկ այլ հարցով ճշգրտվում էր նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: