Գործադիրը արտոնություն տրեց «Էյ ընդ էմ ռեյր»-ին. կստեղծվի 141 նոր աշխատատեղ` ավելի քան 400 հազար աշխատավարձով
Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել։
Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։
Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թվականի մայիս ամսից։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 13,2 մլրդ դրամի չափով ներդրում:
Նշված ներդրման գումարի մեծ մասը սարքավորումներ են, սակայն արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն վերը նշված ցանկում։ Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 115 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչև 2020 թվականը կստեղծվի 141 նոր աշխատատեղ` 422 հազ. դրամ միջին աշխատավարձով: