ՄԱԿ-ում կանխատեսում են 2080 թվականին Արկտիկայում ջերմաստիճանի 5-9 աստիճանով աճ
Այս հարյուրամյակում հնարավոր չի լինի Արկտիկայում տաքացումը զսպել Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում, ինչպես նախատեսվել է Փարիզյան կլիմայի համաձայնագրով: Եթե նույնիսկ այս փաստաթղթի ընդհանուր կողմնորոշիչներին հասնեն, միեւնույն է՝ 2050 թվականին Արկտիկայում ջերմաստիճանը 3-5 աստիճանով բարձր կլինի 1986-2005 թվականների միջին ցուցանիշներից, իսկ 2080 թվականին աճը կկազմի 5-9 աստիճան: Այս մասին նշված է ՄԱԿ շրջակա միջավայրի հարցերով ծրագրի հրապարակած զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Զեկույցում ընդգծվում է, որ «եթե անգամ ջերմոցային գազերի գլոբալ արտանետումը հանկարծ դադարի, Արկտիկայում ձմռան ջերմաստիճանը 2100 թվականին, միեւնույն է, 4-5 աստիճանով ավելի բարձր կլինի՝ ХХ դարի վերջի համեմատությամբ»:
«Այն, ինչ տեղի է ունենում Արկտիկայում, Արկտիկայով չի սահմանափակվում,- ասել է ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Ջոյս Մսույան: - Մեր տրամադրության տակ գիտական տվյալներ կան, որոնք վկայում են կլիմայի ոլորտում ավելի շտապ միջոցներ ձեռնարկելու մասին, որպեսզի հեռանանք կրիտիկական դիրքերից, որոնք կարող են հանգեցնել մեր մոլորակի համար ավելի բացասական հետեւանքների, քան ի սկզբանե կարծում էինք»:
Զեկույցում նշվում է, որ արագ հալչող հավերժական սառույցը «կարող է արագացնել կլիմայի փոփոխությունը եւ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու ջանքերն ի դերեւ հանել»: Արկտիկական տարածաշրջանի բնակիչները ստիպված կլինեն հարմարվել կլիմայի տաքացմանը: Ըստ կանխատեսումների՝ 2050 թվականին այս տարածաշրջանում 4 մլն մարդ եւ ենթակառուցվածքների 70 տոկոսը «հավերժական սառույցի հալչելու հետ կապված սպառնալիքի տակ կլինեն»: