Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիները նստացույց են անում. ուղիղ
Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողոցը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ։
Ցուցարարները հարվածում են անցնող մեքենաներին, իսկ ոստիկաները փորձում են բացել տարածքը, նրանք նստացույց են անում այս պահին։
Սկսվեցին «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողեք աշխատենք» վանկարկումները։
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիները բողոքի ցույց են անում Մաշտոցի պողոտայում:
Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ոստիկանները հեռացնում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին:
Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Երեկ մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել էին հոսանք միացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները սկսել էին հավաքել լարերը՝ վանկարկելով` ամոթ, ամոթ:
Ավելի ուշ աշխատանքները դադարեցվել էին, և սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկում էր հրավիրվել:
Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով աշխատանքները վերսկսելու մասին: