Այսօր էլ ՀՀ աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծվում են, Վրաստանում ղեկային տեղաբաշխումը փոխում են աջից ձախի ու տեղափոխում
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ. մայիսի 1-ը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթում ասաց, որ օրենքի ընդունմամբ, իհարկե, հայրենակիցները կկարողանան, վերջապես, իրենց մեքենաները ՀՀ ներկրել: Ըստ նրա՝ այս օրենքն իրենք ժառանգել են նախկին իշխանություններից, երբեմն ոչ պատշաճ քննարկված օրենքի նախագծերի արդյունքում:
«Աջակողմյան ղեկի կարգավորման օրենքը ինչքան էլ լավ նպատակով է ընդունվել, թերի է և որոշ դեպքերում խնդիրներ է առաջացրել»,-ասաց նա և նշեց, որ այսօր էլ ՀՀ աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծվում են, որոնք բերում են Վրաստանից: «Այնտեղ ղեկային տեղաբաշխումը փոխում են աջից ձախի ու տեղափոխում ՀՀ: Արդյունքում աջ ղեկով մեքենաներ չեն գալիս, բայց ներկրվում են ձևափոխված անհայտ ծագմամբ մասնագետների կողմից, որի հետևանքով լուրջ խնդիրներ են առաջանում: Խնդիրն օրենսդրական լուծման կարիք ունի, տեխնիկական զննման հարցին պետք է արագ լուծում տանք»,-ասաց նա:
Նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ համաձայն է այս որոշման հետ: