Չինաստանում կարող են փակել մուսուլմանների «վերադաստիարակման» ճամբարները
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում կարող են փակել, այսպես կոչված, մասնագիտական վերապատրաստման ճամբարները, որտեղ զանգվածային կերպով մուսուլմաններ են պահվում: Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Շոհրաթ Զաքիրը:
«Ճամբարների քանակն աստիճանաբար կկրճատվի, դրանցում մարդկանց թիվը՝ նույնպես: Եթե գա ժամանակ, երբ վերապատրաստումների հանրային կենտրոնների անհրաժեշտություն այլևս չլինի, դրանք աստիճանաբար կվերանան»,- ասել է նա:
Զաքիրը Չինաստանի իշխանությունների առաջին ներկայացուցիչն է, որը բացահայտ հայտարարել է մուսուլմանների ճամբարի՝ ժամանակավոր միջոցառում լինելու մասին: Նա չի նշել այնտեղ պահվող մարդկանց հստակ թիվը, սակայն ասել է, որ այն չի գերազանցում մեկ միլիոնը:
Ճամբարները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին հայտնվել այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել դրանցում քաղաքական «վերադաստիարակման» համար գրեթե մեկ միլիոն ույղուրների և մուսուլմանական այլ ազգությունների ներկայացուցիչների գտնվելու մասին:
Պեկինը հայտարարել է, որ նման ճամբարները ծայրահեղականությանը դիմակայելու ծրագրի մաս են կազմում և որ դրանցում պահվող անձանց օգնում են գործնական հմտություններ ձեռք բերել, մինչդեռ «վերադաստիարակման» ծրագիրն անցած մարդիկ պնդում են, որ իրենց այնտեղ խոշտանգումների են ենթարկել:
Չինաստանի իշխանությունները երկար ժամանակ հերքում են նման ճամբարներում մուսուլմանների հարկադիր բանտարկությունը և այդ մասին առաջին անգամ խոսել են միայն 2018թ.-ի հոկտեմբերին:
Իշխանությունների խոսքով՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի՝ իսլամ դավանող բնակիչների միջոցով Պակիստանի և Աֆղանստանի իսլամիստների ծայրահեղական տրամադրությունները Չինաստան են ներթափանցում, և շրջանում ձեռնարկված նման միջոցառումն ուղղված է ահաբեկչությանը դիմակայելուն և մահմեդական բնակչության վերահսկմանը: