ՆԱՏՕ ներկայացուցիչ. դաշինքը շահագրգռված է ամուր Հայաստանով
ՆԱՏՕ-ն ցանկանում է ամուր Հայաստան տեսնել։ Այս մասին Երեւանում Զինված ուժերում կարգապահության, պատվի եւ արժանապատվության բարձրացմանը նվիրված կոնֆերանսում ասել է Կովկասում ՆԱՏՕ կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պուգլիսը։
ՆԱՏՕ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանը ծրագրին մասնակցում է 2013-ից, եւ այդ ծրագիրը կոչված է օժանդակելու գործընկեր երկրներին՝ փոխվել ներսից կոռուպցիայի դեմ պայքարի համար։ «Ես Հայաստանին օգնելու ավելի լավ միջոց չեմ տեսնում, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո»,- նշել է Ռոզարիա Պուգլիսը։
Ծրագրի շրջանակում գործընթացը կազմված է ինքնագնահատականից եւ վերահսկողության այցերից։ Ինքնագնահատականը ծրագրի կարեւոր մասն է եւ օգնում է որոշել համագործակցության ուղիները։ Ինչպես նշել է ՆԱՏՕ ներկայացուցիչը, ծրագիրը լավ է մշակված եւ պահանջարկ ունի, դրան մասնակցում է 20 երկիր, որոնցից 8-ը՝ դաշինքի անդամ։ «Ծրագրի բոլոր մասնակիցները կարգապահությունը եւ ազնվությունը համարում են բանակի հենասյուները։ Մեր աջակցությունը կրում է ինստիտուցիոնալ եւ խորհրդատվական բնույթ, ինչպես նաեւ անհատական օգնություն կարողությունների ամրապնդման եւ լավ կառավարման գործում»,- նշել է Ռոզարիա Պուգլիսը։
Նա գոհունակությամբ փաստել է այն նոր ազդակի մասին, որը տրվել է ծրագրին։ «Գործընթացը մի փոքր ձգձգվեց։ Բայց հիմա մենք նոր փուլ ենք մտնում։ Ամուր Հայաստանը համապատասխանում է ՆԱՏՕ շահերին»,- ընդգծել է դաշինքի ներկայացուցիչը։
Ինքնագնահատականի գործընթացը սկսվել է 2014-15 թվականներին, արդյունքները վերլուծվել են 2016-ին։ Հայաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է, փաստել է Պուգլիսը։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամները խոստովանում են, որ կոռուպցիան սպառնալիք է, այն արտացոլվում է բանակի հանդեպ վստահության, ազդում կառավարման վրա։ «Մենք հասկանում ենք երկրի առջեւ ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։ Հայաստանն արդեն որոշակի դրական փորձ է կուտակել կառավարման բարելավման ոլորտում»,- նշել է ՆԱՏՕ ներկայացուցիչը։