Փաշինյանն ու Ալիեւը պատրաստ են, այլապես հանդիպում չէր լինի. ռուսաստանյան զլմ-ներ
Ռուսաստանյան լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպմանը:
Մասնավորապես «Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, որ ՄԻՆսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ առաջիկայում կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, սակայն հանդիպման կոնկրետ ամսաթիվը եւ վայրը դեռ չի նշվում:
Հոդվածագիրը նշում է, թե համանախագահների հայտարարությունն այս անգամ ավելի լավատեսական է, քան նախորդները, ինչը հույս է առաջացնում դրական տեղաշարժերի համար:
«Բաքուն եւ Երեւանը եկել էին այն համոզման, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումն իմաստալից կլինի, եթե կողմերը մոտ լինեն կոնկրետիկային եւ գործնական հարթությանը: Հակառակ դեպքում հանդիպումը միայն սին հույսեր, ապա եւ հիասթափություն է առաջացնում»,- գրում է ռուսաստանյան պարբերականի հոդվածագիրը:
Թերթը հարց է տալիս՝ նշանակո՞ւմ է, որ Ալիեւն ու Փաշինյանը պատրաստ են զիջումների եւ առաջ շարժվելուն:
«Հիմք ընդունելով նախորդ պնդումը, ստացվում է, որ տրամաբանորեն պատասխանը դրական է»,- իր իսկ հարցին պատասխանում է հոդվածագիրը:
Հենվելով համանախագահների հայտարարության վրա հոդվածագիրը նշում է, թե ըստ ամենայնի սեղանին կրկին դրված են մադրիդյան սկզբունքները, որոնք Երեւանը եւ Բաքուն պատրաստ են ընդունել ոչ ամբողջապես:
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, թե համանախագահները հատուկ շեշտել են, որ խնդիրը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման, տարածքային անձեռնմխելիության եւ ուժի կիրառման եւ սպառնալիքների բացակայության սկզբունքների կիրառմամբ:
Հոդվածում նաեւ նշված է, որ մինչեւ խնդրի վերջնական լուծումը հայկական կողմը պետք է դուրս գա գրավյալ տարածքներից, բացի Հայաստանն Արցախին կապող տարածքից, Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որից հետո փախստականները վերադառնան իրենց բնակավայրեր եւ նոր միայն ժողովրդի կամարտահայտությամբ որոշվի տարածքի վերջնական կարգավիճակը:
Վերջում հոդվածագիրը նշում է, թե շատ շուտով կիմանանք, թե փոխվել են արդյոք այս հարցում կողմերի դիրքորոշումը, քանի որ մինչ այս հայկական կողմը հրաժարվում էր առանց վերջնական կարգավիճակի դուրս գալ գրավյալ տարածքներից, իսկ ադրբեջանական կողմը հրաժարվում է խոսել կարգավիճակի մասին առանց փախստականների վերադարձի եւ տարածքների վերադարձի:
Top-News.am