Ինչո՞ւ է ժամանակն աննկատ անցնում. նյարդաբանների անդրադարձը
Երբ մենք ուրախ ենք, ժամանակն անցնում է աննկատ, իսկ երբ սպասման մեջ ենք, թվում է, թե ամեն րոպեն մի ամբողջ հավերժություն է: Ինչո՞ւ:
Columbia University Irving Medical Center-ից (Նյու Յորք, ԱՄՆ) նյարդաբան Մայքլ Շադլենը պնդում է, որ ուղեղի կողմից ժամանակի ընկալումը կախված է մեր սպասումներից:
Բացի այդ, կարեւոր է «հորիզոնի» հասկացությունը: Գրքում, օրինակ, «հորիզոնը» յուրաքանչյուր նախադասության, յուրաքանչյուր բառի ավարտն է: Ժամանակն անցնում է՝ համաձայն նրան, թե ինչպես ենք մենք սպասում այդ «հորիզոնների» գալստյանը: Երբ մենք իսկապես տարված ենք ինչ-որ բանով, ուղեղը միտված է դեպի «մեծ պատկերը», եւ մենք տեսնում ենք ինչպես մոտակա, այնպես էլ հեռավոր «հորիզոնները»: Այդ պատճառով ժամանակը, կարծես, անցնում է աննկատ: Երբ մարդը ձանձրանում է, նա միտված է դեպի մոտակա «հորիզոնները»: Դրանք մեկ ամբողջություն չեն դառնում, եւ առաջանում է զգացողություն, որ ժամանակն անտանելիորեն դանդաղ է ընթանում:
Ավելին, գործում է արագության հետ կապված մեխանիզմ, որով ուղեղի բջիջներն ակտիվացնում են միմյանց՝ ձեւավորելով ցանց որեւէ առաջադրանք կատարելու ժամանակ: Որքան արագ է ձեւավորվում ցանցը, այնքան արագ է անցնում ժամանակը: Բացի այդ, դոֆամին (նեյրոնահաղորդիչ՝ պարգեւատրման զգացման համար կարեւոր) արտադրող նեյրոններն ունեն իրենց դերը ժամանակի ընկալման պարագայում: Եթե մարդն ուրախ է, ապա այդ բջիջներն ավելի ակտիվ են: Դրանք արտադրում են մեծ քանակությամբ դոֆամին, եւ ուղեղին թվում է, որ ժամանակն անցնում է ավելի արագ:
Ավելին, նոր տպավորությունները համակարգող նեյրոնների ցանցերը տարբերվում են մեծ խտությամբ: Այդ պատճառով վաղեմի հիշողությունները հաճախ ընկալվում են որպես երկարատեւ իրադարձություններ: Դրա հետ միաժամանակ մանկության ընթացքում, երբ ամեն ինչ նոր է թվում, ուղեղը միշտ ընտրում է՝ ի շահ նոր հիշողությունների ստեղծման: Այդ պատճառով ծերության ժամանակ մարդիկ զարմանում են՝ որքան արագ է անցնում ժամանակը (հիշողությունները կարող են աղոտ չլինել, սակայն տպավորություն է ստեղծվում, որ երիտասարդ տարիքում տեղի ունեցած իրադարձություններն արագ են անցել):