Մարտի 8-ը ոչ աշխատանքային է Անգոլայում, Գվինեա Բիսաուում, Հյուսիսային Կորեայում...
Մարտի 8-ը մեզ պարտադրվեց դեռ խորհրդային տարիներին՝ այն էլ միայն յոթանասունականների կեսերին: Մարտի 8-ը խորհրդային տարիներին լավ առիթ դարձավ հիմնարկի, բաժնի ղեկավարներին, ուսուցիչներին, բժշկուհիներին նվերներ հանձնելու համար:
Անկախությունից հետո մենք, վրացիները, ադրբեջանցիները, բելառուսները, ղազախները, ղրղզները, լատվիացիները, մոլդովացիները, ուզբեկները, տաջիկներն ու թուքմենները չկարողացան ազատվել այս տոնից:
Դժվար է ասել, թե սովորույթի ուժն էր մեծ, քաղաքական դրդապատճառները, Ռուսաստանին չնեղացնելու ձգտումը, թե բիզնես շահերը, բայց կնոջ կերպարից շատ հեռու Լյուքսեմբուրգի եւ Ցետկինի պատվին հորինված տոնը դարձավ մեր կանանց տոնը:
Ի դեպ, այս տոնը նախկին խորհրդային տարածքից դուրս ոչ աշխատանքային է նաեւ Անգոլայում, Գվինեա Բիսաուում, Զամբիայում, Կամբոջայում, Քենիայում, Հյուսիսային Կորեայում, Մադագասկարում, Ուգանդայում եւ Էրիթրեայում:
Նույնիսկ կոմունիսատական Չինաստանում այս օրը աշխատանքային է եւ միայն կանայք աշխատում են սովորականից երկու ժամ քիչ:
Իհարկե, իրենց կանանց այսօր շնորհավոր շտապող ամուսինները, ընկերուհիներին նվեր հանձնող տղաները, մեծ հաշվով, թքած ունեն, թե մեզննից բացի որ երկրներում են այս տոնը նշում կամ ինչ ծագում ունի այն: Կարեւորը նվեր հանձնելն է եւ կորպորատիվ կազմակերպելը:
Ի դեպ, իսկական տղամարդիկ, օրինակելի տղամարդիկ մարտի 8-ը չեն նշում: Իսկական տղամարդիկ իրենց կանանց տոն են պարգեւում բոլոր օրերին եւ ոչ միայն մարտի 8-ին:
Արամ Խաչատրյան
Top-News.am