Հայաստանը շահագրգռված է միայն Ղարաբաղի վերաբերյալ արդյունավետ բանակցություններով. ԱԳՆ
Հայաստանի իշխանությունները չեն հայտարարել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի համաձայնագրերից հրաժարվելու մասին։ Այս մասին մարտի 7-ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավոր ժամանակը դեռ որոշված չէ, այդ հարցը համաձայնեցման կարիք ունի։
Ինչպես նշել է Քոչարյանը, համանախագահները հիանալի հասկանում են, որ բանակցությունների գործընթացում Ղարաբաղի ներգրավման հարցը պետք է լուծվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «Բայց հենց որ ղարաբաղյան կողմը ներգրավվի բանակցային գործընթացին, դա կնշանակի, որ Բաքվի քարոզչական մեքենայի ամբողջ «մեխը» կքանդվի։ Թեեւ Բաքուն ամեն կերպ դրան դիմակայում է, մենք պետք է հետեւողական լինենք, այդ թվում համաշխարհային հանրության ջանքերով, որպեսզի Ադրբեջանին պարտադրենք այդ մոտեցումը»,- նշել է նա։
Փոխնախարարը նշել է, որ տրամաբանական չէ խոսել հակամարտության կարգավորման մասին, եթե երկու կողմերից մեկը չի մասնակցում բանակցություններին։ «Հակամարտության կողմերն են Ղարաբաղն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը ներգրավված կողմ է։ Մենք դեմ ենք բանակցությունների ձևաչափի փոփոխությանը»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։
Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ միակ սկզբունքը, որն ընդունել է երեք կողմերից երկուսը, Մադրիդյան սկզբունքներն են, եւ այլ փաստաթղթեր առայժմ չկան։ «Թե ինչ հիման վրա կվերականգնվեն բանակցությունները՝ դժվար է ասել։ Բայց այս փուլում Մադրիդյան սկզբունքները միակ փաստաթուղթն են, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, բայց չեն ընդունվել Ղարաբաղի կողմից։ Յուրաքանչյուր կողմ կարող է առաջարկել ինչ-որ տարբերակներ ու մոտեցումներ, բայց քանի դեռ դրանք անընդունելի են հակադիր կողմի համար, ընդունվել չեն կարող։ Հայաստանը չի հաստատել այդ սկզբունքները, նա ընդամենը ընդունել է դրանք որպես հիմք բանակցությունների համար։ Մադրիդյան սկզբունքները միայն համանախագահների փորձն են՝ մերձեցնելու կողմերի հակադիր մոտեցումները»,- նկատել է Շավարշ Քոչարյանը։
Փոխնախարարը հավելել է, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկել բնակչությանը խաղաղության պատրաստելու համար, ինչպես եւ Մադրիդյան սկզբունքների իրագործման ճանապարհին։ «Մենք նման քայլեր չենք տեսնում, ընդհակառակը, Բաքվի իշխանությունները խոսում են Զանգեզուրի եւ Երեւանի մասին։ Հայաստանը շահագրգռված է արդյունավետ բանակցություններով, այլ ոչ թե բանակցություններով հանուն բանակցությունների , ինչպես նախկինում էր, ինչը թույլ էր տալիս Ադրբեջանին ավելացնել իր ռազմական հզորությունը»,- ավելացրել է նա։