Անհրաժեշտ է համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը. Ջեյմս Ուորլիք
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով Ադրբեջանի համար անշուշտ խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին է. Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ. Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն. «Եվ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը»,-ընդգծել է նախկին համանախագահը: