Գուցե բռնությունն արդարացնողներին Նիկոլ Փաշինյանի արձագանքը սթափեցնի
Երբ հայտնի դարձավ, որ «Ռեստարտ» անվանումով նախաձեռնության անդամները՝ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ լկտի եւ հայ իրականությանը խորթ եւ ամոթալի արարք են իրականացրել «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ, ցանկանալով նրան բռնությամբ գցել աղբարկղի մեջ, ոմանք անգամ հրապարակային ողջունեցին այդ արարքը, ընդ որում նրանք, ովքեր ամիսներ առաջ փողոց էին դուրս եկել, պայքարելու Սերժ Սարգսյանի դեմ եւ հանուն ժողովրդավարական Հայաստանի:
Որքան ամոթալի եւ դատապարտելի էր Դավիթ Պետրոսյանի եւ նրա համախոհների զազրելի արարքը, այնքան ավելի դատապարտելի է այդ արարքն արդարացնող հայտարարությունները:
Գուցե ստոր արարքից հրճվողները ոգեշնչեցին Դավիթ Պետրոսյանին, որ նա ներողություն խնդրելու փոխարեն հայտարարեց, թե մենք չենք փոշմանել մեր արածի համար եւ պատրաստ ենք կրել դրա համար պատասխանատվություն, որից հետո կրկին հրապարակային վիրավորել են Նարեկ Մալյանին:
Հուսանք, որ հասարակության որոշ անդամներին կսթափեցնի Նիկոլ Փաշինյանի արձագանքը տեղի ունեցածին: Բելգիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել է Փաշինյանը։
Իսկապես, ընտրովի արդարադատություն, արդարություն, ժողովրդավարություն չի կարող լինել: Չի կարելի ողջունել Նարեկ Մալյանի նկատմամբ իրականացված բռնությունը եւ դատապարտել մեկ այլ բռնություն: Այսպես մենք ոչ թե հեռու, այլ միայն հետ կգնանք:
Եթե Դավիթ Պետրոսյանը եւ նրա հետ այդ ստոր արարքն իրականացնողները չպատժվեն օրենքի սահմաններում, ապա Հայաստանում իսկական անարխիա, քաոս կսկսվի եւ մի խումը կորոշի արդարադատություն իրականացնել մյուսի նկատմամբ, ինչ որ մեկը՝ ինչ որ մեկի նկատմամբ:
Հուսադրող է, որ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեկան գործը հարուցվել է ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։
Իրավապահներն այս գործի նկատմամբ պետք է շատ ուշադիր եւ հետեւողական լինեն, քանի որ դրանից կախված է Հայաստանի, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը եւ երկրի հետագա ընթացքը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am