Ադրբեջանում դժգոհում են. մեր օգուտը ո՞րն է ԵԱՀԿ մշտադիտարկումներից
Ադրբեջանում պարբերաբար քննադատություն է հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հասցեին, ընդ որում՝ քննադատությունը հնչում է ամենատարբեր մակարդակներում՝ սկսած բարձրագույն ղեկավարությունից։ Այս անգամ քննադատությունը հնչեցրել է նորահայտ ռազմական փորձագետ Աբուզար Աբիլովը։
Minval.az-ի հարցազրույցում սույն փորձագետն ասել է. «նման մշտադիտարկումներից մեզ համար որեւէ օգուտ չկա»։ «Քառորդ դար մշտադիտարկումներ են իրականացվում, բայց դրանք ոչ օգուտ են բերում, ոչ արդյունք։ Անձամբ ես կարծում եմ, որ մշտադիտարկումը անցկացնում են ձեւականորեն, եւ այդ ամենը ոչ մեկին պետք չէ»,- ասել է Աբիլովը։ Այնուհետեւ փորձագետի մտորումները նրան անանցանելի արահետներով են տարել. «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքը, դրա համար էլ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը պետք է իրականացվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, բայց դրա համար հայկական զավթիչները պետք է ազատեն մեր տարածքները։ Եթե զավթիչները դեռեւս դուրս չեն քշվել մեր տարածքներից, ի՞նչ մշտադիտարկման մասին կարող է խոսք լինել»։ Ա՛յ քեզ բան։ Մշտադիտարկումները, ի գիտություն Աբիլովի, այդ թվում «կանոնավորապես իրականացվում են միջազգայնորեն ճանաչված սահմաններում»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Ամենայն հավանականությամբ, այս փաստը փորձագետին հայտնի չէր։ Դեսպան Կասպրշիկի մանդատի երկարաձգման մասին հարցին փորձագետը նույնպես տալիս է ադրբեջանական ոգուն հարիր պատասխան. «Բնական է, որ այդ որոշմանը բացասաբար եմ վերաբերվում։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է հրաժարվենք ԵԱՀԿ ՄԽ ծառայություններից։ Ի՞նչ է նախաձեռնել այս տարիների ընթացքում այդ նույն Ա.Կասպրշիկը։ Որեւէ ճնշում գործադրե՞լ է Հայաստանի ղեկավարության վրա՝ ընդգծելով, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, իսկ Երեւանը ապօրինաբար վերահսկում է այդ տարածքները։ Չէ, ոչ մի նման բան նա չի նախաձեռնել՝ փաստորեն անգործությամբ զբաղվելով»։