Հարձակում Նիկոլ Փաշինյանի դեմ
Կեսգիշերին մոտ Դավիթ Պետրոսյանը եւ «Ռեստարտ» անվանումով խմբի եւս տասը անդամներ դարանակալել եւ հարձակման են ենթարկել ակտիվիստ Նարեկ Մալյանին, ցանկանալով նրան գցել աղբարկղը:
Դեպքին միջամտել են ոստիկանները: Խուլիգանների մտադրությունն իրականություն չի դարձել:
Մի կողմ թողնենք Նարեկ Մալյանին, մի կողմ թողնենք, թե ինչպես ենք վերաբերում նրա ընտրած պայքարի մեթոդներին եւ գործելաոճին եւ արձանագրենք, որ իրականում Դավիթ Պետրոսյանը եւ նրա հետ եղած մյուս խուլիգանները հարձակման են ենթարկել Նիկոլ Փաշինյանին:
Տեղի է ունեցել հարձակում Նիկոլ Փաշինյանի դեմ: Սա փաստ է, որից հնարավոր չէ փախչել:
Բանդան արել է առաջին քայլը, որին հաջորդելու են մյուսները, եթե իշխանությունները հակաքայլեր չանեն: Ի դեպ, այս խուլիգաններին իրենց տեղը պետք է դնեին դեռ այն ժամանակ, երբ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանին բռնությամբ թույլ չէին տալիս դուրս գալ իր սենյակից:
Եթե Դավիթ Պետրոսյանը եւ նրա հանցակիցները չհայտնվեն ճաղերի հետեւում, ապա վաղը հարձակման կարող է ենթարկվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Եթե այսօր իշխանությունները, «Քաղաքացիական պայմանագիրը», «Իմ քայլը» չդատապարտեն Դավիթ Պետրոսյանի գործողությունները, ապա վաղը ավելի ծանր հանցագործությունների ականատես կլինենք:
Եւ ամենակարեւորը, եթե իշխանությունները չդատապարտեն կատարվածը, ապա ոտնատակ են տալիս Նիկոլ Փաշինյանի հեղափոխության արժեհամակարգը եւ կիսում տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am