Պակիստանը վերադարձնում է գերեվարված հնդիկ օդաչուին
Պակիստանը վերադարձնում է Հնդկաստանի օդուժին պատկանած МиГ-21 կործանիչի օդաչուին, որի ինքնաթիռը փետրվարի 27-ին խոցվել էր օդային մարտում, հաղորդում է New Dheli հեռուստաալիքը:
Օդաչուն Հնդկաստանի դեսպանատանն է գտնվում, նրա հանձնումը տեղի կունենա ժամեր անց՝ Վագահ սահմանակետում: Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ գերու վերադարձը կօգնի թուլացնել երկու երկրների միջև ստեղծված լարվածությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հնդկական ռազմաօդային ուժերը հարված էին հասցրել Պակիստանի ուղղությամբ: Ավելի ուշ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հարվածն ուղղված է եղել «տարածքում հաստատված ահաբեկիչների» դեմ:
Հաջորդ օրը երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև օդային բախումներ էին ընթացել, որի հետևանքով հնդկական օդուժի կործանիչ էր խոցվել, իսկ օդաչուն գերեվարվել էր: