Այսօր ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են․ Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորում է բոլոր նրանց, որոնք ծառայություն են իրականացնում ՀՀ-ն ու ՌԴ անվտանգությունն ապահովելու համար։ Նա «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ՀՀ-ն ու ՌԴ-ին ունեն սերտ գործընկերային հարաբերություններ, որը դարերի պատմություն ունի։
«ՌԴ ԶՈւ պատմությունն անքակտելի կապված է հայերի հետ, հայերը մեծ դեր են խաղացել ՌԴ ԶՈւ կայացման համար։ Այսօր մեր դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են։ Ինչպես գիտեք ՀՀ-ում կա ռուսական 102 -րդ ռազմաբազան, մեր սահմանապահները մասնակցում են հայկական սահմանների պաշտպանությանը, ինչն, անկասկած ՌԴ-ի կողմից մեծ ներդրում է ՀՀ-ում։ Սա մեր երկրների եղբայրական հարաբերությունների արտացոլանք է, որը բնութագրում է մեր հազարամյա պատմությունը»,- ասաց նա։
Կոպիրկինը շեշտեց, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն առկա է և շարունակական։
Հիշեցնենք, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը, որտեղ ՀՀ և ՌԴ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցությամբ միջոցառում տեղի ունեցավ և ավարտվեց հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով։