Տուգանքները նորից զրոյացվում են․ ովքե՞ր կօգտվեն
Կառավարությունը որոշել է կիրառել ճանապարհային երթևեկության տուգանքների հերթական համաներումը։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու տուգանքը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից։
Որոշման երկրորդ կետով նախատեսվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից։ Տույժերը կզորայցվեն պայմանով, եթե համաներման օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվի պետական տուրքի մայր գումարը:
Իսկ իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերն ու հարուցված կատարողական վարույթները օրենքով սահմանված կարգով կկաճվեն։ «Մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձանց, անկախ նրանց՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից համարել վարչական տույժի չենթարկված»,- նշվում է որոշման նախագծի 5-րդ կետում։
Նշված համաներմամբ մասնավորապես նախատեսվում է զրոյացնել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ կիրառված տուգանքները։ Նախատեսվում է նաև առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տրանսպորտային տեսչության կողմից նշանակված տուգանների զրոյացում։
2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել են 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վճարումներ չեն կատարվել, ընդհանուր՝ 219 մլն 105 000 ՀՀ դրամի չափով:
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից՝ պետական տուրքի մայր գումարը մարելու դեպքում: 2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 342մլն դրամ, որից տուրքը՝ 927 մլն դրամ, իսկ տույժը՝ 415 մլն դրամ:
Որպես համներման հիմնավորում նշվում է վարչական ակտերի և պետական տուքի գծով տույժերի հասցեատերերի սոցիալական վիճակի բարելավումը։
Այսպիսով՝ հեղափոխությունից հետո սա երկրրոդ ՃՏՊ տուգանքների համաներումն է, առաջինը տեղի էր ունեցել դեռ անցյալ տարվա ամռանը։ Այս համաներման արդյունքում պետական բյուջեն կկորցնի մոտ 634 մլն դրամ։
Ինչպես նախկին, այնպես էլ նոր համաներման կիրառումն առնվազն անհարգալից վերաբերմունք է բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր բարեխղճորեն վճարել են տուգանքները։ Արդարությունը պահանջում է, որ համաներումը տարածվի բոլորի վրա անխտիր։ Տվյալ պարագայում, նրանք ովքեր տուգանքներն արդեն վճարել են, պետք է ետ ստանան իրենց գումարները, կամ էլ համաներում ընդհանարպես չպետք է կիրառել։ Ստացվում է, որ ամեն անգամ խրախուսվում են անպարտաճանաչները, իսկ բարեխիղճ վճարողները հայտնվում են <<մանթրաժ>> վիճակում։