Կոլումբիայի իշխանությունները պայթեցրել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տունը
Կոլումբիայի Մեդելին քաղաքի իշխանության որոշմամբ` պայթեցվել է 20-րդ դարի ամենավտանգավոր հանցագործներից մեկի` նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տունը, որն առավել հայտնի է «Մոնակո» անվամբ, որտեղ նա երկար տարիներ ապրել է իր ընտանիքի հետ: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է Agence France-Presse-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` պայթյունից հետո տունն ամբողջությամբ գետնին է հավասարվել: Տեղի իշխանությունները նախատեսում են այդտեղ կառուցել նարկոմաֆիայի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Նշվում է, որ Պաբլո Էսկոբարը «Մոնակո»-ից հեռացել է 1988 թվականին` նրա նկատմամբ անհաջող մահափորձից հետո: Մինչև 2018 թվականը այն գործել է որպես տուն-թանգարան, որտեղ ներկայացված են եղել Էսկոբարի լուսանկարներն ու նարկոբարոնի անձնական իրերը: Թանգարանի տնօրենն Էսկոբարի ավագ եղբայր և նրա նախկին հանցակից` Ռոբերտո Էսկոբար Գավիրիան էր:
Հիշեցնենք, որ Պաբլո Էսկոբարը մահացել է 1993 թվականին` ոստիկանների և նրա միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով: