ԱՄՆ-ը և Չինաստանը ցանկանում են ավարտել առևտրային պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը պետք ընդունի Չինաստանի փոխվարչապետ Լյու Հիին:
Երկու երկրները մտադիր են ավարտել առևտրային պատերազմը, որն արդեն մեծ վնաս է հասցրել և՛ ամերիկյան, և՛ չինական, և՛ միջազգային տնտեսությանը:
Միացյալ Նահանգները՝ բանագնացներին լրացուցիչ ժամանակ տալու նպատակով, անցյալ տարվա դեկտեմբերին սառեցրել է Չինաստանից ներմուծվող ընդհանուր հաշվով մոտ 200 միլիարդ դոլարի արտադրանքի նկատմամբ մաքսատուրքը 10 տոկոսից 25 տոկոսի հասցնելու որոշումը:
Դոնալդ Թրամփը բազմիցս է դատապարտել Չինաստանի գործելակերպն առևտրի ասպարեզում:
Վաշինգտոնը Պեկինից պահանջում է վերջ տալ ամերիկյան մտավոր սեփականությունը համարվող տեխնոլոգիաների գողությանը և, բացի այդ, վերացնել ամերիկյան և արտասահմանյան այլ արտադրանքի մուտքը չինական շուկա խոչընդոտող արգելքները:
Երեկ երկու երկրների պատվիրակությունները մի քանի ժամ բանակցել են Վաշինգտոնում:
Մարտի 1-ին լրանում է բանակցությունների համար հատկացված վերջնաժամկետը, և եթե կողմերը համաձայնության չգան, Վաշինգտոնը կբարձրացնի մաքսատուրքերը:
Մինչդեռ, ըստ Վաշինգտոնից ստացված հաղորդագրության, Թրամփը նկատել է տվել, որ հարկ եղած դեպքում հնարավոր է նաև երկարաձգել վերջնաժամկետը: