Ճապոնական զոնդը բարեհաջող վայրէջք է կատարել Ռյուգու երկնաքարի վրա
Ճապոնական միջմոլորակային «Հայաբուսա 2» զոնդը վայրէջք է կատարել Ռյուգու երկնաքարի վրա՝ դրա վրա գտնվող նյութերի փորձանմուշները հավաքելու ու Երկիր տեղափոխելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ JAXA գործակալությանը հղումով:
Ընդամենը 900 մետր տրամագծով այս երկնաքարը գտնվում է Երկրից 300 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Ճապոնական զոնդը երկնաքարին է մոտեցել 2018 թվականի հունիսին՝ թռիչքի մեկնարկից գրեթե 3,5 տարի անց, իսկ սեպտեմբերին Ռյուգուի վրա վայրէջք են կատարել երկու ճապոնական ռոբոտներ՝ Rover-1A-ն և Rover-1B-ն, որոնք Երկիր են ուղարկել երկնաքարի վրա արված առաջին լուսանկարները:
Գիտնականները ենթադրում են, որ Ռյուգուի վրա իրենց կհաջողվի գտնել 4,6 միլիարդ տարի առաջ արեգակնային համակարգի և Երկրի վրա կյանքի ստեղծման վերաբերյալ հարցերի պատասխանները: Երկնաքարի ուղեծիրն անցնում է Երկրի և Մարսի ուղեծրերի մոտով, ինչը գիտնականներին հիմք է տալիս հուսալ, որ դրա հողի մեջ կարող են հայտնաբերվել ջրի ու օրգանական նյութերի հետքեր:
«Հայաբուսա 2» զոնդը պետք է Երկիր վերադառնա 2020 թվականին: