Մայքլ Ջեքսոնի ընտանիքը երգչի մասին սկանդալային ֆիլմի պատճառով 100 մլն դոլարի հայց է ներկայացրել HBO-ի դեմ
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել ամերիկյան HBO հեռուստաալիքի դեմ Ջեքսոնի մասին սկանդալային «Leaving Neverland» վավերագրական ֆիլմը մարտին ցուցադրելու որոշման համար: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
«HBO-ն խախտել է պայմանավորվածությունն այն մասին, որ չպետք է արատավորի Մայքլ Ջեքսոնին՝ արտադրելով և հանրությանը ներկայացնելով միակողմանի չքողարկված քարոզչության նման օրինակներ՝ անամոթաբար շահագործելով անմեղ մարդուն, որն այլևս ողջ չէ և չի կարող իրեն պաշտպանել», - նշված է փաստաթղթում:
Երաժշտի հարազատները հիշեցրել են, որ տարիներ առաջ նույնպես նմանատիպ մեղադրանքներ են հնչել, սակայն մանրակրկիտ հետաքննությունից հետո երգիչն անմեղ է ճանաչվել:
HBO հեռուստաալիքն իր հերթին հայտարարություն է տարածել, որում հաստատել է ֆիլմի ցուցադրման ծրագրերը՝ «չնայած ֆիլմի նկատմամբ վստահության խաթարմանն ուղղված հուսահատ ու երկարարտև փորձերին»: «Սա թույլ կտա յուրաքանչյուրին դիտել ֆիլմն ու սեփական դատողություններն անել դրա բովանդակության վերաբերյալ», - նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Leaving Neverland» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են փոփ-արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ:
Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմը HBO-ի եթերում կցուցադրվի մարտի 3-ին և 4-ին: