Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու պահը չի հասունացել. Արթուր Վանեցյան
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացքին: Նշել է, որ դրանք շարունակվում են.
«Չեմ հերքում, որ կոռուպցիոն հանցագործություններ ներկայում էլ են կատարվում, ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա` կաշառք վերցնելու պահին, սննդի վերահսկողության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա, դրանք նոր դեպքեր են, որ բացահայտվել են հենց գումար վերցնելու պահին»,- ասաց նա:
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերին՝ Վանեցյանը հերքեց լուրերը, բայց չհերքեց հետագայում նրան ԱԱԾ հրավիրելու հավանականությունը, նշեց.
«Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չենք հրավիրել: Եթե ես ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացնում, կստեմ: Այո՛, իրականացվում են, բայց չի հասունացել պահը, որ լինեն քննչական գործողություններ, որ հրավիրեն ԱԱԾ, ամեն ինչ կա, ուղղակի շատ լուրջ և ծավալուն աշխատանք է»,- նշեց նա:
Ավելին, նա նշեց, որ իրենց տիրույթում գտնվող ցանկացած գործի վերաբերյալ թույլ հիմքեր չունեն, ու չի եղել դեպք, որ իրենց կասկածները չհիմնավորվեն:
«Եթե մի գործ հարուցում ենք, քննում ենք, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն, ինչի մասին հայտարարում ենք, ստանում են 100 տոկոսանոց ապացույց: Երբ հասնում է դատարան, ընդունվում են դատաքննության բոլոր կողմերի կողմից, կարող է թվա, թե դանդաղ ենք գործում, ու տպավորություն ստացվի, որ հասարակությունը ավելի շատ տեղեկություն ունի կոռուպցիոն դեպքերի մասին, բայց կարևոր հանգամանք կա՝ մենք պետք է առաջնորդվենք օրենքներով, 100 տոկոսանոց ապացույցներով, պետք է լինեն հիմքերը, որով կարող ենք մարդուն մեղադրանք առաջադրել ու ուղարկել դատարան, օդում կախված լուրերը մեզ չեն վերաբերում»,- մանրամասնեց նա:
ԱԱԾ պետը հենց այս հանգամանքով էլ բացատրում է այն, որ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ոչ բոլոր անձանց վերաբերյալ են քննություն իրականացնում: Ասաց.
«Այն բոլոր հրապարակումները, մտահոգությունները, որ սա թալանեց, սա գողացավ, սրան չբռնին, տարբերություն են դնում մարդկանց մեջ, մեկին հետապնդում են, ո՛չ, տեղին չեն»: