ՊԵԿ-ի «տեռորի» պատճառով ֆաբրիկան 20 տարի չի աշխատում
Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Վայող ձորի Եղեգնաձորի «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության (ԲԲԸ) աշխատակիցները: «Տարոն» ԲԲԸ-ն տրիկոտաժի ֆաբրիկա է։ 300 բաժնետերերը դժգոհ են ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունից, որը, իրենց խոսքով, մնացել էր դեռ նախկին աշխատակազմից ու ղեկավարությունից:
Նրանք պահանջում են ավելի քան 20 տարի չգործարկված Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ն կրկին վերագործարկելու համար պայմաններ ստեղծել։ «Տարոն» ԲԲԸ-ն տրիկոտաժի ֆաբրիկա է։
Ընկերության տնօրեն Հայկ Իսախանյանի խոսքով՝ տնտեսվարողները այս նոր իրականության պայմաններում մտածել են, որ անցյալում են մնացել արհեստական, շինծու դժվարությունները, որոնք կարծես թե կանխամտածված ստեղծել էին ՀՀ-ում` արդյունաբերությունը, տնտեսությունը քանդելու, լուծարելու, սնանկացնելու և արտադրական հարաբերությունները դժվարացնելու համար:
«Սակայն, դեռևս ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ երևի անհրաժեշտ են մի քանի հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունում գերիշխեն, անվերապահորեն կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները և օրինական ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը հնարավորություն կունենա զարգանալ»:
Ընկերության տնօրենը նշեց նաև, որ 2018 թվականի մայիս ամսից նամակներ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, բայց ստացված պատասխանները իրենց չեն գոհացնում։ Ակցիայի մասնակիցները ասացին նաև, որ պատրաստվում են կրկին նամակ փոխանցել կառավարությանը։