Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է օրհներգի մասին:
«Մեր հայրենիք» երգը մեզ հոգեհարազատ է, շատ կարևոր է մեզ համար: Բայց չեմ համարում, որ մեր հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է, այն նաև Նախիջևանն է, Արցախը, Դվինը, Վանը և այլն: Ես որևէ դեմ բան չունեմ երգի դեմ, ես շարունակելու եմ ոտքի կանգնել, հարգանքով մոտենալ մեր օրհներգին, զինանշանին, դրոշին, բայց այս օրերին ամենաշատն ինձ հարվածեցին և քննադատեցին ՀՅԴ ներկայացուցիչները: Նրանց համար սա նաև կապ է իրենց կուսակցության և ՀՀ-ի միջև: Իրենց կուսակցության սիմվոլները բերում են և մտցնում նաև ՀՀ համակարգի մեջ: Դա հասկանալի վերաբերմունք է: Այդ օրհներգի բառերի մեջ մենք փոփոխություն ենք արել «թշվառ, անտեր»-ը, որպեսզի այն հնչի ավելի լավ»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ երգի մեջ ոչ թե հայկական, այլ իտալական եռագույնն է:
«Ես գտել եմ միջանկյալ տարբերակ. ստեղծվել է իմ կողմից աշխատանքային խումբ, այնտեղ ներգրավված են հայտնի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են տեր Ասողիկը, Դանիել երաժիշտը, Արամ Սաթյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Նիկոլայ Կոստանյանը, Արմինե Գրիգորյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ֆելիքս Բախշյանը, Դավիթ Գյուրջինյանը: Այս աշխատանքային խումբը հայտարարում է մրցույթ, վերաբերում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա տեքստին: Դրանից հետո՝ 2 ամիս անց, այս աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները, ՀՀ-ում կհնչի նոր օրհներգի տարբերակը, որը չի նախապատրաստվում իմ կողմից ԱԺ օրակարգ մտցվելուն: Այն կհանձնվի հանրությանը, կմնա ժողովրդի գլուխներում, երբ ժամանակը գա, այդ թեմային նորից կվերադառնանք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նա տեղեկացրեց, որ մրցույթը տևելու է 2 ամիս, ավարտվելու է ապրիլի 30-ին: