Ինչպես է Պորոշենկոն «Եվրամայդանի» դեպքերի ժամանակ օգնել վիրավորներին (Տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տարիներ առաջ «Եվրամայդանում» կրակոցների ժամանակ օգնում վիրավորներին: Համապատասան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է korrespondent.net-ը:
Նշենք, որ փետրվարի 19-ին՝ «Մայդանում» դեպքերի 5-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Պորոշենկոն հայտարարել էր, որ անձամբ է դուրս բերել տուժածներին Մարիինյան պուրակից: Սոցցանցերի օգտատերերը չեն հավատացել երկրի ղեկավարին, շատերը նրան մեղադրել են սուտ խոսելու համար:
Տեսանյութում երևում է, որ նախագահը ոչ թե դուրս է բերում տուժածներին, այլ միայն օգնում է նրանց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «Մայդանի» ժամանակ անձամբ է զոհերի մարմիններն ու տուժածներին դուրս բերել հրապարակից: Նրա ելույթի տեսագրությունը YouTube-ում հրապարակել է լրագրող Տատյանա Վիսոցկայան:
«Ուղիղ 5 տարի առաջ իմ օրը սկսվեց նրանից, որ ես դուրս եկա Մարիինյան պուրակ, քայլերս ուղղեցի դեպի Գերագույն ռադայի շենք, այդ ժամանակ ժամը 9:00-ն էր: Տեսա Մայդանի ինքնապաշտպանության 14-րդ հարյուրյակի անդամներին: Կանգ առա, խոսեցի: Նրանք ինձ օգնության հարցով դիմեցին, քանի որ իրենց վրա կրակում էին»,- պատմել է նա:
Հինգ տարի առաջ Ուկրաինայում պետական հեղաշրջում է տեղի ունեցել: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրել է այդ ժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը փախել է երկրից Ռուսաստան: Ռադան նոր ընտրություններ է նշանակել, որոնցում հաղթանակ է տարել Պորոշենկոն:
Կիևի գլխավոր՝ Անկախության հրապարակը դարձել է բախումների էպիկենտրոնը, որի ընթացքում բազմաթիվ զոհեր են գրանցվել: