Հպարտ քաղաքացիների խնդիրներից «թռնելու» նուրբ արվեստը․ ուղղաթիռով Դսեղ գնալու իրական պատճառը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ էր մեկնել ուղղաթիռով: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է վարչապետը Լոռու մարզ մեկնել ուղղաթիռով, խոսնակը պատասխանեց.«Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»:
Politik.am-ի տեղեկություններով, սակայն, ուղղաթիռով Դսեղ գնալը այլ պատճառ է ունեցել։ Ալավերդում, ինչպես հայտնի է, պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում, քանի որ կորցրել են իրենց միակ աշխատանքը։ Մարդիկ օրվա հաց վաստակելու խնդրի առաջ են կանգնած։ Պղնձաձուլարանի աշխատակիցները փակում են ճանապարհներ և Վրաստան գնացող երկաթգիծը։ Մեր տեղեկություններով՝ պղնձաձուլարանի աշխատակիցները ցանկացել են փակել վարչապետի ճանապարհը և խոսել իրեցն խնդրի մասին։ Պղնձաձուլարանի աշխատակիցների մեծ մասը Դսեղ տանող ճանապարհի հարակից գյուղերի բնակիչներ են։
Վարչապետ Փաշինյանն էլ, այս մասին տեղեկանալով, որոշել է ուղղաթիռով հասնել Դսեղ, որպեսզի քաղաքացիները իր ճանապարհը չփակեն։ Կարճ ասած, ուղղաթիռով վարչապետ Փաշինյանը «թռել» է հպարտ քաղաքացիների խնդիրներից։