Սկրիպալի մայրը ոստիկանություն է դիմել իր որդուն ու թոռանն անհայտ կորած ճանաչելու խնդրանքով
Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի մայրը՝ Ելենան, ոստիկանություն է դիմել իր որդուն ու թոռանն անհայտ կորած ճանաչելու մասին խնդրանքով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Սկրիպալի ազգականուհին՝ Վիկտորյան:
«Երեքշաբթի դիմում է ուղարկվել ոստիկանություն՝ Սերգեյ Սկրիպալին ու նրա դուստր Յուլյային անհայտ կորած ճանաչելու խնդրանքով»,- ասել է Վիկտորյան:
Վիկտորյա Սկրիպալը բնակվում է Յարոսլավլում՝ Սերգեյ Սկրիպալի մոր հետ: Ավելի վաղ նրանք մտադիր էին Մեծ Բրիտանիա այցելել՝ ազգականների վիճակի մասին տեղեկանալու համար, սակայն Վիկտորյային մի քանի անգամ մերժել են բրիտանական վիզա տրամադրելու հարցում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը 2018-ի մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել էին իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են: