Իսրայելական ընկերությունը 13 մլն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ
Իսրայելի ռազմական Aeronautics Defense Systems ընկերությունն իր արտահանման արտոնագրերի վերականգնումից երկու շաբաթ անց հայտարարել է, որ հաղթող է ճանաչվել և բազմամիլիոնանոց պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
Ըստ ընկերության հայտարարության, 13 մլն դոլարի 2-ամյա պայմանագրով նախատեսվում է նորոգել Ադրբեջանին վաճառված Orbiter 1K դրոնները, գրում է MIGnews-ը՝ հղում կատարելով jpost.com-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական «Aeronautics» ընկերությանը թույլ է տրվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին գրում «The Times of Israel»-ը։
Նախկինում Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելք էր դրել «մահապարտ» անօդաչու թռչող սարքերի վաճառքի վրա, քանի որ երկրի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին «Aeronautics Defense Systems Ltd.»-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել: Դեպքի առնչությամբ սկսվել էր նաև հետաքննություն:
Փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում:
«Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերությանը, որ մատակարարման արտոնագրի կասեցումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ ԱԹՍ-ներ մատակարարել իր պատվիրատուին», - նշված է Aeronautics-ի հայտարարությունում: