Սպիտակ տունը տեղեկացրել է Չինաստանի հետ նոր առեւտրային բանակցությունների մասին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը տեղեկացրել է, որ ամերիկյան եւ չինական կողմերը առեւտրային բանակցություններ կվարեն փետրվարի 19-20-ին Վաշինգտոնում, հաղորդել է RT-ն՝ հղում կատարելով The Hill-ին։
«Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողջունի Չինաստանի պաշտոնական պատվիրակությանը, որի հետ հանդիպումները կսկսվեն 2019 թվականի փետրվարի 19-ին՝ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների քննարկման նպատակով»,- նշել է նա։
Ըստ Սանդերսի՝ կողմերը, մասնավորապես, կքննարկեն «Չինաստանի խոստումը՝ ձեռք բերել ապրանքների եւ ծառայությունների զգալի ծավալ Միացյալ Նահանգներից»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հետաձգել մարտի 1-ին նախատեսված չինական արտադրանքի մաքսատուրքերի բարձրացումը, եթե առաջընթաց գրանցվի երկրների միջեւ առեւտրային համաձայնագրի հարցում։