Վենդետա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաեւ նրա ընտանիքի նկատմամբ
Ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր-նոր էր ընտրվել վարչապետ, նրան լավ ճանաչողները մտավախություն էին հայտնում, թե ինչ-ինչ պատճառներից ելնելով նա սեւեռվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այն ժամանակ քչերն էին հավատում այս վարկածին, պնդելով, թե նա իշխանության է եկել ոչ թե վրեժ լուծելու, այլ անարդարությունը վերացնելու եւ Հայաստանը ժողովրդավարության ռելսերի վրա դնելու համար:
Անցան ամիսներ եւ արդեն շատերը համոզվեցին, որ Նիկոլ Փաշինյանի համար սեւեռուն նպատակ է դարձել Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործերի հարուցումը եւ նրան անազատության մեջ պահելը: Ցավոք, այսքանով նա չբավարարվեց:
Մտահոգիչն այն է, որ նա սեւեռվել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նրա ընտանիքի վրա: Իսկ եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա այն, ինչ հիմա արվում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի դեմ սովորական պետական ահաբեկչություն է:
ՀՀ երկրորդ նախագահը կալանավորված է եւ հենց այս իրավիճակում նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ քրեական գործ է հարուցվում: Նրանից ստորագրություն է վերցվում երկրից չհեռանալու վերաբերյալ:
Սեդրակ Քոչարյանը պնդում է, որ իր դեմ առաջադրվել է ծայրից ծայր շինծու մեղադրանք: Իբր նա զբաղվել է փողերի լվացմամբ, իբր նա հարկեր չի վճարել:
Հանրության առողջ հատվածն ամեն օր հույսը չի կորցնում, որ վերջապես կհաղթի առողջ բանականությունը եւ իշխանությունը վերջ կտա այս գործելաոճին, որ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրգործը կկարճվի, որ այլեւս մեր հաղթանակած բանակի հրամանատարներին անդադար չեն կանչի հարցաքննությունների, բայց մղձավանջը գնալով խորանում է: Հայաստանում եղավ այն, ինչ նախկինում չէր եղել: Պետությունը սեւեռվել է քաղաքական, պետական գործչի ընտանիքի դեմ:
Եթե իշխանությունները կարծում են, որ տեսարաններով եւ առանց հացի հնարավոր է երկար զբաղեցնել ժողովրդին, ապա սխալվում են: Նույն այդ ժողովուրդը շատ լավ ճանաչում է նրանց, ովքեր իսկապես խուսափել եւ շարունակում են խուսափել հարկերից:
Իհարկե, արդեն ամենամոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի, բայց այս ամենից մեր երկրին ծանարգույն վնաս է հասցվում, որի հետեւանքների վերացումը երկար եւ դժվար աշխատանք է պահանջելու:
Հակոբ Ասատրյան
Top-News.am