Թավշյա հեղափոխությունից մեզ մնաց թափանցիկ տուալետը. վարդանաշենցիները աուդիտ են պահանջում
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում մի խումբ գյուղացիներ պահանջում են անցկացնել աուդիտ՝ պարզելու համար, թե արդյոք գյուղապետարանում գումարներ մսխվել են, թե ոչ:
NEWS.am-ի հետ զրույցում Վարդանաշեն համայնքի բնակիչ Հակոբ Վարդանյանն ասաց, որ տասը տարվա ընթացքում գյուղապետը ոչինչ չի իրականացնել իր ներկայացրած ծրագրից. «Մենք չենք հանդարտվի, մինչև աուդիտ չլինի: Տասը տարվա մեջ էսքան գումար ա եկել, էս գումարները որտեղ են մսխվել, որտեղ են փոշիացել: Գյուղապետարանի աշխատանքը բավական է 5 հոգում համար, սակայն 8-ից 14 աշխատող են գրանցել»,- ասաց նա:
Գյուղացիներինց մեկն էլ նշեց, որ գյուղապետարանն ու դպրոցը չունեն զուգարաններ, դրանք դրսում են՝ գրեթե անծածկ և անդուռ. «Գյուղապետարանը զուգարան չունի, թավշյա հեղափոխությունից հետո մնացել ա մեր թափանցիկ տուալետը»,- ասաց գյուղացիներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նշեցին նաև, որ չորս ամիս առաջ հրաժարական տված և նորից ընտրված գյուղապետ Արթուր Մանուկյանին չորս ամիս է՝ չեն տեսել. «Ինքն ասում էր՝ ես տունը պառկած դիվանին, պարտադիր կկրեմ ու ձեզ կապացուցեմ, որ ես նորից կրեցի: Մենք սա չենք համարում արդար ընտրություններ, արդարությունը էն ա, որ 235 ձայնով կանգնած ենք այստեղ»,-ասաց գյուղացիներից մեկը:
Նրանք իրենց բողոքի ակցիաները շարունակելու են կառավարության շենքի առջև, պատրաստվում են նամակ ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Հիշեցնենք, որ երեկ Վարդանաշենում անցկացված ընտրությունների արդյունքում ընտրվել է չորս ամիս առաջ հրաժարական ներկայացրած ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մանուկյանը: