«Լեհերը հակասեմականությունը մայրական կաթի հետ են յուրացրել». Լեհաստանում Իսրայելի դեսպանն ԱԳՆ է կանչվել արտգործնախարարի հայտարարության առնչությամբ
Լեհաստանում Իսրայելի դեսպան Աննա Ազարին կանչվել է երկրի արտգործնախարարությունը՝ լեհերի հակասեմականության մասին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի հայտարարության առնչությամբ, գրում է РИА Новости-ն:
Լեհաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էվա Սուվարայի խոսքով՝ դեսպանն արդեն ճանապարհին է:
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, որ «լեհերը հակասեմականությունը մայրական կաթի հետ են յուրացրել»:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Կացի խոսքերը «անթույլատրելի» է որակել: Նրա խոսքով, եթե Իրսայելի կառավարությունը չարձագանքի Կացի հայտարարությանը, երկրի իշխանությունները կհրաժարվեն մասնակցել Վիշեգրադյան պատվիրակության և Իսրայելի ղեկավարների հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել փետրվարի 18-ին՝ Երուսաղեմում:
Հիշեցնենք, որ երեկ Լեհաստանի վարչապետը հրաժարվել էր մեկնել Երուսաղեմ: Պատճառը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ավելի վաղ արած հայտարարություն էր այն մասին, թե լեհերը համագործակցել են նացիստների հետ:
Այս առնչությամբ Լեհաստանում Իսրայելի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն: Նա հայտնել էր, որ Նեթանյահուն նկատի է ունեցել ոչ թե «լեհ ազգի համագործակցությունը նացիստների հետ», այլ «նացիստների հետ համագործակցող» մարդկանց դեմ դատական վարույթի բացակայությունը: