Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի զինվորական դատախազության դատախազ Հարություն Մաշադյանը
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հարություն Մաշադյանը պաշտոնին նշանակվել է այս տարվա փետրվարի 4-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ․-ի մարտի 7-ին:
24-ամյա երիտասարդի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին նշանակվելու թեման այժմ ակտիվ քննարկվում է համացանցում: Նշվում է հատկապես այն հանգամանքը, որ նա բարձրաստիճան պաշտոնյայի որդի է:
Թեպետ Հարություն Մաշադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դեռ չի ներկայացրել նոր պաշտոնը ստանձնելու իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հարություն Մաշադյանը հայտարարագրել է.
2 բնակարան,
2 ավտոտնակ,
5 հողամաս,
Volkswagen Touareg 3,6 մակնիշի ավտոմեքենա:
Նրա հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 40.000 դոլար: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ և 130 հազար դոլար:
2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը՝ մարտի 7-ը, նրա ստացված եկամուտները կազմել են 247 հազար դրամ, որի ստացման աղբյուր է նշվել՝ այլ եկամուտը:
Նշենք նաև, որ Հարություն Մաշադյանը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդին է: Ռաֆիկ Մաշադյանն այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի մայիսի 24-ին: Մինչ աjդ նա զբաղեցրել է Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի պաշտոնը, որում նշանակվել էր 2017 թվականի հոկտեմբերի 5-ին:
Չնայած այս հանգամանքին, Հարություն Մաշադյանի հայտարարագրում այս մասին նշում չկա արված: