Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթել է գործող ղեկավարը, իսկ Ծաղկավանում` դպրոցի ուսուցիչը
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ընտրություններին, որը կայացավ երեկ՝ փետրվարի 17-ին, մասնակցում էր 3 թեկնածու՝ բոլորն էլ անկուսակցական։
Ակնաղբյուրում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 383 էր, բայց քվեարկությանը մասնակցել են 304-ը։
Առաջադրվել էր համայնքի գործող ղեկավար Կարեն Դոլմազյանը, Գրիգոր Եգանյանը և Վրույր Մայիլյանը։
Հաղթել է համայնքի գործող ղեկավար Կարեն Դոլմազյանը՝ ստանալով 200 ձայն։
Վրույր Մայիլյանը ստացել է 68 ձայն, իսկ Գրիգոր Եգանյանը՝ 30 ձայն։
Տավուշի Մարզի Ծաղկավան համայնքում էլ առաջադրվել էր 2 թեկնածու՝ անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը, որը Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ է, և կրկին անկուսակցական Մարզպետ Մխիթարյանը, որը «Ծաղկասար» հիմնադրամի գործադիր տնօրենն է։
Ծաղկավանում ցուցակներում ընդգրկված էր 456 ընտրող, բայց քվեարկությանը մասնակցել են 341-ը։
Ընտրության արդյունքներում հաղթել է դպրոցի ուսուցիչ Իսկանդար Մեհրաբյանը՝ ստանալով 179 ձայն, իսկ Մարզպետ Մխիթարյանը ստացել է 160 ձայն։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: