Փլուզում Սանկտ Պետերբուրգի ՏՏ, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանում. շենքում կարող են մարդիկ լինել
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը չի բացառել, որ Սանկտ Պետերբուրգի ՏՏ, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի (ITMO) փլուզված շենքում կարող են մարդիկ լինել:
«Այս պահին շենքում որևէ մեկը չկա, բայց մենք չենք բացառում, որ ինչ-որ մեկը պատահաբար կարող է մնացած լինել այնտեղ»,- նախարարի խոսքը մեջբերել է Коммерсант-ը:
Զինիչևի խոսքով` ներկայում դեպքի վայրում աշխատում են քննչական մարմինները, որից հետո միայն փրկարարները կսկսեն փլատակների զննությունը:
ԱԻ նախարարը նշել է, որ միջադեպի պատճառը, ըստ նախնական վարկածի, կարող է լինել վերանորոգման ժամանակ կատարված սխալը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին փլուզում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի ՏՏ, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանում: Միջադեպից հետո շենքից 86 ուսանող և դասախոս է տարհանվել: