Փարիզում ոստիկանները ձերբակալել են «դեղին բաճկոնների» շարժման 26 մասնակցի
Փետրվարի 16-ին Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է «դեղին բաճկոնների» շարժման 26 մասնակցի: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է BFM հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ` օրվա ընթացքում մի քանի անգամ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում: Ի վերջո, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, ինչից հետո ակցիայի մասնակիցները բաժանվել են խմբերի և տեղափոխվել Սենի մյուս ափ:
«Դեղին բաճկոնները» փորձել են նաև մի քանի փողոցներով Ելիսեյան դաշտեր մտնել, սակայն ոստիկանությունը պարբերաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը:
Վերջին տվյալների համաձայն` շաբաթ Փարիզում բողոքի ակցիային մասնակցել է մոտ 5 հազար, իսկ ամբողջ Ֆրանսիայում` մոտ 41,5 հազար ցուցարար: Նախորդ շաբաթ, ըստ ոստիկանության, Փարիզի փողոցներ է դուրս եկել 4 հազար, իսկ ամբողջ երկրում` 51,4 հազար մարդ: