Պատգամավորը խանութից սենդվիչ է գողացել
Սլովենիայի խորհրդարանի անդամ Դարիյ Կրայչիչը հրաժարական է ներկայացրել խանութից սենդվիչի գողության մասին խոստովանելուց հետո:
Ինչպես հայտնում է Tjournal-ը, նրա քաղաքական կուսակցությունն այդ որոշումն անվանել է միակ հնարավորը, իսկ նրա արարքն՝ անթույլատրելի:
Գյուղատնտեսության հարցով խորհրդարանական հանձնաժողովի նիստում Կրայչիչը հայտարարել է, որ խանութից սենդվիչ է գողացել, քանի որ նրա վրա ուշադրություն չէին դարձնում: Նա ներողություն է խնդրել իր արարքի համար և ասել է, որ զղջում է այդ «սոցիալական փորձի» համար:
«Ես կանգնած էի գանձարկղի մոտ, երեք աշխատակից ուղղակի զրուցում էին միմյանց հետ: Ես սպասեցի 3 րոպե, հետո որոշեցի ստուգել նրանց անվտանգության համակարգը: Ես կյանքումս առաջին անգամ գողություն արեցի: Եվ ինձ մոտ ստացվեց: Ոչ ոք չեկավ իմ հետևից»,- ասել է պատգամավորը: