Ֆրանսիայում 74%, Գերմանիայում` 60%. Եվրոպայում հակասեմականության կտրուկ աճ է նկատվել. ուսումնասիրություն
Փորձագետներն ահազանգում են, որ Եվրոպայում հակասեմականության կտրուկ աճ է արձանագրվել: Մասնավորապես՝ նախորդ տարում Ֆրանսիայում գրանցվել է 74%, իսկ գերմանիայում ավելի քան 60% աճ:
Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքն ազգային պատկանելիության հիմքով հրեաների դեմ հարձակումների, բռնության և ճնշումների մասին է:
Եվրոպայում անցկացված երեք տարբեր սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ հրեաներն իրենց առավել վտանգված են զգում և բացի այդ նրանց նկատմամբ ավելի շատ ագրեսիա է դրսևորվում: Ընդհանուր առմամբ, նկատվում է ռասիստական բնույթի ատելության հիման վրա ելույթների, բռնության աճ, ավելի բևեռացված քաղաքական մթնոլորտի հաստատում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախորդ տարում երկրում արձանագրվել է հակասեմականության դրսևորման 541 դեպք, մինչդեռ 2017թ. այդ ցուցանիշը 311 էր: Գերմանիայի իշխանությունների փոխանցմամբ՝ 2018թ. երկրում գրանցվել է վերջին տասը տարում հրեաների դեմ ատելության հիմքով հարձակումների ռեկորդային ցուցանիշ՝ 1 646 դեպք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս միտումը «անընդունելի» է որակել՝ նախարարներին ասելով, որ Ֆրանսիայում հակասեմականության դրսևորումը երկրի արժեքների ոտնահարում է:
Նշվում է, որ ԵՄ հիմնարար իրավունքների գործակալության անցկացրած սոցհարցմանը մասնակցել է եվրոպական 12 երկրում բնակվող ավելի քան 16 000 հրեա, որոնց 90%-ի խոսքով՝ հակասեմականությունն աճում է իրենց երկրում, մինչդեռ 30%-ն էլ խոստովանել է, որ հակասեմականության դրսևորման զոհ է դարձել:
Նրանցից 1/3-րդը նշել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, խուսափում է հրեական միջոցառումների կամ հավաքատեղիներ գնալ:
Նույն քանակությամբ հարցվածներ էլ նշել են, որ մտադիր են հակասեմականության դրսևորման պատճառով արտագաղթել երկրից: Մոտ 80%-ն էլ պատմել է, որ արդեն վաղուց չի ահազանգում մանր դեպքերի մասին՝ մտածելով, որ միևնույն է ոչինչ չի փոխվի: