Պուտինն առաջարկել է «օրենքով գողերին» 8-15 տարով ազատազրկել
Ռուսաստնում «օրենքով գողերի» դեմ պայքարում կարծես որոշել են հետեւել իրենց ոխերիմ թշնամու՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին կիրառված փորձին:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց երկրի Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, որով կազմակերպված հանցավոր խմբավորումներում բարձր դիրք զբաղեցնող անձինք միայն իրենց այդ դիրքի պատճառով կարող են դատապարտվել 8-ից 15 տարվա ազատազրկման: Խոսքն, այսպես կոչված, «օրենքով գողերի» մասին է: Բացի այդ, առաջարկվում է այդ անձանց խոշոր տուգանքների ենթարկել` մինչև 5 միլիոն ռուսական ռուբլի:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկած այս օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ տեղ է գտել Պետդումայի պաշտոնական տվյալների բազայում և, ըստ ամենայնի, մոտ ապագայում կընդգրկվի նաև խորհրդարանի օրակարգում:
«Հանցավոր միավորումների ղեկավարները համակարգում են օրինախախտ գործողությունները տարբեր խմբավորումների միջև, զբաղվում են հանցավոր խմբերի ազդեցության գոտիների և եկամուտների վերաբաշխմամբ, ղեկավարում են հանցավոր գործունեությունը», - նշում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները` հավելելով. - «Հանցավոր խմբավորումներում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ դրանց ղեկավարները որպես կանոն խուսափում են քրեական պատասխանատվությունից: Գործող օրենսդրությամբ նրանց հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն կոնկրետ իրավախախտում կատարելու դեպքում»:
Նախագծի հեղինակներն, ինչպես հայտնում է Ազատությունը, այժմ փորձում են լրացնել այդ բացը` քրեորեն պատժելի դարձնել հանցավոր գործունեությամբ զբաղվող կազմավորման ղեկավար հանդիսանալու փաստը ինքնին:
Կրեմլից Ռուսաստանի խորհրդարան ուղարկված օրենսդրական այս նախաձեռնությունը գրեթե նույնությամբ կրկնում է Վրաստանում 2005 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի լրացումները: Դրանցով «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը միայն հանցավոր միջավայրում զբաղեցրած բարձր դիրքի համար կարող էր դատապարտվել 5-ից 10 տարվա ազատազրկման: 2006 թվականին Վրաստանի խորհրդարանը խստացրեց Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ «օրենքով գողերի» ազատազրկման նվազագույն շեմը հասցնելով յոթ տարվա: