Բրիտանացի նախարարը՝ Ղարաբաղյան կարգավորման մասին
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարար Ալան Դունակը ադրբեջանական Report պարբերականի հետ զրույցի ընթացքում, բացի ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների մասին խոսելուց անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։
Նախարար Դունկանը ասել է, որ Հարավայի Կովկասում Մեծ Բրիտանիան կողմնակից է անվտանգության եւ կայունության քաղաքականությանը։ «Մենք ունենք երկկողմ հարաբերություններ Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ էլ»։ Դունկանը նշել է, որ ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ ՆԱՏՕ-ի անդամակցությամբ Լոնդոնը աջակցում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ խաղաղության պահպանմանը։
«Թեեւ Լոնդոնը Մինսկի խմբում ներառված չէ, սակայն մենք անում ենք հնարավորը՝ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է բրիտանացի նախարարը։ Նա նաեւ հավելել է, որ հակամարտության կարգավորումը կնպաստի կայունության եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը ողջ ռեգիոնում։
«Կոչ ենք անում արագացնել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք կարծում ենք, որ այս հակամարտության կարգավորումը պահանջում է երկու կողմերից էլ համարձակություն՝ բարդ որոշումներ կայացնելու եւ զիջումներ անելու համար»,- ասել է Ալան Դունկանը։